June 13, 2026 02:59
dFbAeF5

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գործող պայմանները և օրենքները չեն կարող տարածվել Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների վրա։

«Բայց շատ դժվար է լինել Եվրամիության անդամ և միաժամանակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Քանի որ օրենքները, մաքսային արգելքները, ներմուծում-արտահանումը՝ բոլորը ստեղծված են ԵԱՏՄ-ի երկրների համար», – ասել է նա ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ավարտին։

Մասադիկովը նշել է, որ անհնար է «միաժամանակ պայմաններ ստեղծել, որպեսզի պետությունը գտնվի Եվրոպական միությունում» և ԵԱՏՄ-ում։ Նրա խոսքով՝ այս հարցում ընտրությունը պատկանում է Հայաստանի ժողովրդին և երկրի ղեկավարությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ն չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում Փաշինյանը նաև հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և պետականության համար։