ՀԱՊԿ-ում Հայաստանին դուրս չեն թողնում դաշնակցային փոխգործակցությունից, նրա համար պահպանում են կազմակերպության գծով մշակվող բոլոր լուծումներին միանալու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«ՀԱՊԿ-ում փոխգործակցության համատեքստում մեզ համար գլխավորը այն է, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ, և դա բազմիցս ընդգծել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայաստանին դուրս չենք թողնում դաշնակցային փոխգործակցությունից, նրա համար պահպանում ենք կազմակերպության գծով մշակվող բոլոր լուծումներին միանալու հնարավորությունը։ Ընդ որում, իհարկե, շարունակում ենք ուշադիր հետեւել գործընկերների քայլերին Արեւմուտքի հետ հարաբերություններում, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններին դրանց համապատասխանության վերաբերյալ», – ընդգծել է Գալուզինը՝ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում։
Այս հայտարարությունը հաջորդում է մի շարք իրադարձությունների, որոնք վերջին տարիներին խորացրել են Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունների լարվածությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2022 թվականի վերջից բոյկոտում է Կազմակերպության անցկացրած միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ։
Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։