February 23, 2026 12:58
HG3kgvBE

Փետրվարի 5-ին Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամությունը հակասում է այն սկզբունքներին, որոնք ընկած են Եվրամիության հետ համագործակցության հիմքում։

Նախարարը նշել է, որ Մոսկվան բազմիցս հստակեցրել է, որ Հայաստանն ունի իր ինքնիշխանության իրավունքը և լիարժեք իրավունք ունի ընտրելու իր արտաքին քաղաքական ուղղվածությունը։ «Մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանը լինի ինքնիշխան, ուժեղ, ինքնաբավ և կարողանա ինքն ընտրել իր արտաքին կողմնորոշումը», – ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ քննարկումներն այն մասին, թե որն է ավելի ձեռնտու Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների շարունակումը, թե Եվրոպական միության նորմերին անցումը, ընթանում են։

Նա նաև հստակեցրել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը պայմանավորված չէ ո՛չ գաղափարական շարժառիթներով, ո՛չ էլ որևէ այլ գործոնով, այլ բխում է իրողություններից։ «ԵԱՏՄ անդամությունն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած են համագործակցելու հիմքում, առավել ևս՝ Եվրամիությանը միանալու հարցում։ Դա ձեր ընտրությունն է, և մենք այն լիովին կհարգենք», – հավելել է նախարարը։

Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կհարգի վերջին տասնամյակների ընթացքում ձեռք բերված արդյունքները, որոնցից է նաև Հայաստանի տնտեսական աճը ԵԱՏՄ-ի շրջանակում։ Նրա խոսքով՝ եթե 2015 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմում էր 10,5 մլրդ դոլար, ապա այսօր այն հասել է 26 մլրդ դոլարի՝ 2,5 անգամ ավելանալով։ «Դա պարզապես փաստ է, որը ես որևէ կերպ չեմ մեկնաբանի», – ասել է նա։

Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը, և Մոսկվան պատասխանատվություն է կրում այդ վիճակի համար՝ ցանկանալով զարգացնել համագործակցությունը և առաջ մղել խոշոր ենթակառուցվածքային նախագծեր։

Այս հայտարարությունը հաջորդում է ավելի վաղ հրապարակված հայտարարություններին, որոնք կատարվել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից։ Նա նշել էր, որ Երևանի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը դիտարկվում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ։