June 11, 2026 23:56
f120Ba21da0F11c5

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբին, Երևանում կատարած այցի ընթացքում, հայտարարել է, որ ԱՄՆ-ը հպարտությամբ աջակցում է Հայաստանի կառավարության կողմից իր երկրի ապագայի համար մշակված համարձակ տեսլականին։ Այս հայտարարությունը նա արել է Երևանի Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ լինել, որպեսզի շարունակեմ առաջ տանել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի տեսլականը՝ Հարավային Կովկասում խաղաղություն տանող այս համարձակ ճանապարհը, որն ամրագրվել է անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում», – ասել է Ռուբին՝ նշելով, որ այսօր նա արտգործնախարարի հետ նախաստորագրել է երկկողմ համաձայնագիրը TRIPP նախագծի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը պատմական ուղին իրականություն դարձնելու ամենամեծ քայլերից է, որը կնպաստի խաղաղության և բարգավաճմանը Հայաստանում և տարածաշրջանում։

Ռուբին ընդգծել է, որ հայ-ամերիկյան համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP նախագծով։ Երևանն ու Վաշինգտոնը շարունակում են զարգացնել փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։ ԱՄՆ-ի այս վարչակազմի համար առաջնային խնդիր է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը։

«Մենք նաև ստորագրել ենք համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը սահմանում է մեր երկկողմ հարաբերությունների շրջանակը և նախանշում է նոր ուղի, որից կշահեն ինչպես հայերը, այնպես էլ ամերիկացիները», – ասել է նա՝ նշելով, որ այս գործընկերությունը դառնում է ռազմավարական, երբ երկու երկրներն էլ կիսում են իրենց ապագայի տեսլականը։

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է փոխըմբռնման հուշագիրը կարևորագույն հումքային ռեսուրսների վերաբերյալ, որը նա համարում է աճող փոխադարձ բարեկեցությանը նպաստող ևս մեկ քայլ։ Նրա կարծիքով՝ այն երկրները, որոնք կկարողանան զարգացնել տեխնոլոգիաները և հանածոների մշակումը, կկարողանան տնտեսական անկախություն ձեռք բերել և հայտնվել 21-րդ դարի նորարարությունների կենտրոնում։

«Եվ դուք, վարչապետ, ամբողջ հայկական թիմը ՝ դուք ճանապարհ եք հարթում դեպի Հայաստանի ավելի լուսավոր, ավելի անկախ ապագա։ Եվ մենք ուրախ ենք մեր զորակցությունը հայտնել այդ տեսլականին, այդ համարձակությանը, ձեր նվիրվածությանը և պատրաստակամությանը՝ հանուն ձեր երկրի ապագայի», – եզրափակել է Ռուբին՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է միասին անել ավելին։