ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ավարտված է։ Նրա խոսքով՝ այս ավարտը ապահովված է համաձայնագրով, որը նա անձամբ ստորագրել է։
«Հայաստան և Ադրբեջան․ Այդ հակամարտությունն ավարտվել է։ Եվ ոչ թե, պարզապես, ավարտվել է, այլ ավարտվել է համաձայնագրով, փոխըմբռնման հուշագրով, որը ես ստորագրեցի երեկ, որը ստեղծում է բարգավաճման նոր ուղի, TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»), որը բացառիկ հնարավորություններ կընձեռի երկու երկրներին, հատկապես՝ Հայաստանին, միևնույն ժամանակ, հարգելով նրա ինքնիշխանությունը, որպեսզի նրանք իսկապես օգուտ քաղեն դրանից», – նշել է Ռուբիոն։
Նա նաև հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցությունը հաստատվել է, ինչի արդյունքում կիսագնդի ավելի քան 14 երկիր համագործակցության համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ-ի հետ՝ ահաբեկչության, թմրանյութերի և անվտանգության դեմ պայքարի հարցերում։
Ռուբիոն անդրադարձել է նաև «Թրամփի ուղի» նախագծին՝ նշելով, որ այն նպատակ ունի ապահովելու հազվագյուտ հանքանյութերի մատակարարումները զարգացող տնտեսությունների համար՝ նվազեցնելով դրանց կախվածությունը Չինաստանից։ Նրա խոսքով՝ հազվագյուտ հանքանյութերին նվիրված նախարարական խորհրդաժողովին մասնակցել են ավելի քան 30 երկիր, և բոլորը ստորագրել են ԱՄՆ-ի գլխավորած համագործակցության համաձայնագիրը։
Այս հայտարարությունը հաջորդում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված երեք փաստաթղթերի ստորագրմանը, որը տեղի է ունեցել մայիսի 26-ին Երևանում՝ ԱՄՆ պետքարտուղարի այցի շրջանակներում։ Այդ փաստաթղթերը ներառում են ՀՀ և ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շրջանակային հուշագիրը և «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ ռազմավարական համաձայնագիրը։