February 23, 2026 09:41
AX3S26cH3d5b

Փետրվարի 10-ին, Հայաստան պաշտոնական այցի շրջանակում, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ իր տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ միասին, այցելել է Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Հյուրերին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Համալիրի այցելության ընթացքում Էդիտա Գզոյանը ներկայացրել է հուշահամալիրի կառուցման պատմությունը։ Ջեյ Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։

Էդիտա Գզոյանը նաև պատմել է Հուշապատի մասին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության կողմից իրագործված հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները։ Նա շեշտել է, որ նման հայանպաստ գործունեություն են ծավալել նաև Հենրի Մորգենթաուն և Կլարա Բարտոնը, և որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հարգանքի տուրք է նրանց հիշատակին։

Էդիտա Գզոյանը անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությանը, որոնք հիշատակում են 1988 թվականին Ադրբեջանի կողմից Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ) և Բաքու քաղաքներում կազմակերպված հայկական ջարդերի զոհերին, ինչպես նաև Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների հիշատակը՝ ընդգծելով այդ իրադարձությունների միջև եղած կապը։

Այցի ավարտին ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում՝ գրելով․ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի։»

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին է փոխանցել Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր։