April 25, 2026 09:20
ccVGNWTC3

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստորեն դատապարտել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ֆեյսբուքյան էջով 2026թ. փետրվարի 20-ին տարածված հայտարարությունը։

Ըստ նախաձեռնության՝ այս հայտարարությունը փաստաբանների և իրավապաշտպանների քննադատական խոսքը լռեցնելու և նրանց մասնագիտական գործունեության նկատմամբ ճնշում գործադրելու անթաքույց փորձ է։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ արձանագրելով սոցիալական ցանցերում փաստաբանների կողմից դատավորների դեմ հրապարակված մի շարք գրառումների մասին։ Ըստ ԲԴԽ-ի՝ այդ գրառումները ոչ միայն չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, այլև ենթադրում են դատավորի հեղինակության և ողջ դատական համակարգի վարկաբեկելու միտում։ Բարձրագույն դատական խորհուրդը նշել էր, որ իր լիազորությունների շրջանակում ապահովում է դատավորների անկախության երաշխավորումը և դատական իշխանության համբավի պաշտպանությունը։

Իրավապաշտպանների նախաձեռնության կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհրդի այս հայտարարությունը անցնում է փաստաբանական համայնքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների ընդունելի սահմանները։ Նախաձեռնությունը նշում է, որ նման գործելաոճը վտանգավոր է նաև փաստաբանական համայնքի և դատական իշխանության միջև արհեստական հակադրություն ստեղծելու հնարավորության առումով։