Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ իր օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընտրակաշառքի տրամադրման և ստացման, ինչպես նաև ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման կազմակերպված մեխանիզմ։
Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ մի խումբ անձ, նախնական համաձայնությամբ, նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։
Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով խմբի անդամները նախ Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ։ 2025-2026 թվականների ընթացքում Արմավիրի մարզի բնակիչներին ձևական գրանցել են այդ կազմակերպությունում՝ հանձնարարելով հավաքագրել անձանց, ովքեր պարտավորվել են ընտրություններին քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։
Ընտրակաշառքի տրամադրումը ձևակերպվել է որպես աշխատավարձ՝ փորձելով քողարկել դրա իրական բնույթը և նվազագույնի հասցնել բացահայտման ռիսկը։ Կազմակերպության աշխատանքի ընդունվելու հիմնական պայմաններից էին հանդիսանում անձի՝ մեծ ընտանիք և ծանոթների լայն շրջանակ ունենալը, ինչպես նաև ընտրող հանդիսանալու հանգամանքը։
Բացի այդ, խմբի անդամները, նախագահի կողմից Ազգային ժողովի ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո, բարեգործության օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից բժշկական սպասարկման ծախսերը հոգալու նպատակով անհատույց տրամադրել են տարբեր չափերի դրամական միջոցներ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարվել են մեկ տասնյակ խուզարկություններ, և ձերբակալվել են հինգ անձ։
Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է զերծ մնալ ցանկացած տեսակի ընտրակաշառք բաժանելու և բարեգործության օրենսդրական արգելքը խախտելու հանցավոր գործողություններից։ Կոմիտեն նաև կոչ է անում քաղաքացիներին խուսափել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի գործողությունների մեջ ներգրավվելուց, այդ թվում՝ առանց աշխատանք կատարելու վարձատրվելուց։
Հաշվի առնելով հայտնաբերված հանցավոր մեխանիզմների առկայությունը՝ կոմիտեն այսուհետ իրականացնելու է մշտադիտարկում՝ պարզելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ փոխկապակցված կազմակերպություններում գրանցված կամ դրանց հետ առնչություն ունեցող այն անձանց, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են ընտրական հանցագործությունների կատարման կամ նախապատրաստման սխեմաներում։