Փետրվարի 5-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության անդամներն՝ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հայկ Մամիջանյանը եւ Արմեն Ռուստամյանը, հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։
Հանդիպման ընթացքում խորհրդարանական Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել Մայքլ Օ’Ֆլահերթիի ջանքերը՝ ուղղված Եվրոպայի խորհրդի շրջանակում մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը։ Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ գործակցության հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել մի քանի կարևոր հարցերի, այդ թվում՝ կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելմանը եւ Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքներին վերաբերող խնդիրներին։ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է իր ջանքերը տեղահանվածներին հաջողությամբ ինտեգրել հայկական հասարակության մեջ։
ԱԺ պատգամավորները նաեւ հանձնակատարի ուշադրությունը են հրավիրել Բաքվում պահվող անձանց հարցի վրա՝ ընդգծելով նրանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Հայկ Մամիջանյանը եւ Արմեն Ռուստամյանը, որոնք ներկայացնում են ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, հանդիպման ընթացքում ներկայացրել են ներհայաստանյան ներկայիս իրավիճակը, քննարկել մարդու իրավունքների պաշտպանության հարցը եւ, իրենց տեսանկյունից, անդրադարձել երկրում քաղբանտարկյալների առկայության խնդրին։