February 23, 2026 08:28
GR4Q5NcE

«Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը, ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ, կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» նորարարական կրթական ծրագիրը։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է ակտիվացնել կինոարտադրության ոլորտում լրացուցիչ և շարունակական կրթությունը՝ ապահովելով երիտասարդ սերնդին անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։

Ծրագրի գործընկերն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որի հարթակում կիրականացվեն դասընթացները։ Ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները կունենան հնարավորություն ստանալու կինոարտադրության ոլորտին առնչվող գիտելիքներ՝ ոլորտի կայացած և փորձառու մասնագետների ղեկավարությամբ։

Դասընթացները կներառեն սցենարի վարպետության, ռեժիսուրայի և պրոդյուսեր մասնագիտությունների հիմունքները։ Բացի այդ, ծրագրի մասնակիցները կծանոթանան արհեստական բանականության (AI) հիմունքներին և կսովորեն, թե ինչպես այն կիրառել ֆիլմերի ստեղծման գործընթացում՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ChatGPT, Midjourney, Runway և այլ հարթակները։

Կրթական ծրագիրը կառաջարկի համապարփակ ուսումնական մոտեցում՝ ներառելով տեսական դասընթացներ, գործնական վարժություններ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկումներ և հանդիպումներ ֆիլմերի ստեղծագործական կազմերի հետ։ Ծրագրի ավարտը կնշվի համատեղ ֆիլմերի ստեղծմամբ՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները։

Դասընթացին կարող են մասնակցել 15-18 տարեկան անձինք։ Հայտագրելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թ․ փետրվարի 10-ը ներառյալ ուղարկել ծրագրի ֆեյսբուքյան էջին՝ նշելով անուն-ազգանունը և հեռախոսահամարը։ Մասնակիցների հետ կապը կհաստատվի հետադարձ հաղորդագրությամբ։

Ծրագրի տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2-րդ հարկում՝ «Անրի Վեռնոյ» կինոսրահում (հասցե՝ Ամիրյան 26)։ Դասընթացի տևողությունը կազմում է մեկուկես ամիս, և այն կիրականացվի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տարածքում։ Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցության հավաստագիր։

Հավելյալ տեղեկությունների համար կարելի է զանգահարել +374 55-189-475 հեռախոսահամարով կամ գրել ծրագրի ֆեյսբուքյան էջին։