June 13, 2026 02:58
Ee5dC6

Արդեն երրորդ տարին է՝ մայիսի վերջին շաբաթ օրը, Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությամբ, Տաթևի ուխտագնացությունը համախմբում է հայկական բարեգործական, զարգացման և համայնքային մի շարք հեղինակավոր կառույցների, ուխտավորների և հոգևորականների՝ աղոթքի, հոգևոր նորոգման, հիշողության և բարի գործի շուրջ։

Նախաձեռնությունը մեկնարկել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության կողմից և ձևավորվել որպես համագործակցության հարթակ, որտեղ հոգևոր ճանապարհը շարունակվում է համայնքին, Սյունիքին և մարդկանց ուղղված գործնական աջակցությամբ։

Այս տարվա ուխտագնացությունը կայացել է «Ճանապարհ դեպի հավատ, միասնություն և արարում» խորագրով։ Ուխտավորները դեպի Տաթև շարժվել են երեք տարբեր երթուղիներով՝ խոնարհվելով Սյունիքի սրբավայրերում՝ Որոտնավանքում, Սվարանցի Հազարափրկիչ և Հին Հալիձորի Սուրբ Մինաս եկեղեցիներում։

Բոլոր ուխտավորները միավորվել են Տաթևի Սուրբ Պողոս–Պետրոս տաճարում, որտեղ կատարվել է միասնական աղոթք՝ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ։ Աղոթք է բարձրացվել առ Աստված՝ պատերազմներում զոհվածների հոգիների հանգստության, Ադրբեջանում պահվող հայ գերիների շուտափույթ ազատության և հոգևոր արժեքների շուրջ համախմբման համար։

«Մեր ազգի բարերարներից մեկը գերության մեջ է, մեր ամբողջ էլիտան գերության մեջ է մեր անհավատության ու անտարբերության պատճառով։ Մեկս մյուսին չսիրելու արդյունքում ամեն ինչ կորցրել ենք և կորցնելու ենք, եթե ուշքի չգանք և չսթափվենք։ Առաջնային է բոլորիս համար, որ աղոթենք մեր միասնականության համար, մեր ամբողջականության համար, որովհետև ինչքան սևերի և սպիտակների բաժանվենք, այդքան կործանվելու ենք», – նշել է Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։

Ուխտագնացության համակազմակերպիչները ընդգծում են միության գաղափարը՝ որպես հզորության հիմք։ «Միությունը՝ զորություն է, և մենք բոլորս պետք է միասին աշխատենք մեր ցանկացած արդյունքների ուղղությամբ՝ ունենալու հզոր Հայաստան, Սփյուռքի և Հայաստանի միջև հզոր կապեր ստեղծելու կամ ամրապնդելու», – ասել է ուխտագնացության համակազմակերպիչ, ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը։

Հայ օգնության միության (ՀՕՄ) Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանը նշել է, որ «15 բարեսիրական կազմակերպություն միացավ այս ուխտագնացությանը, որպեսզի մեր ժողովուրդը միավորվի, աստվածավախությունը ավելի շեշտվի իրենց մեջ և իրենք նվիրվեն հայրենիքի պաշտպանությանը և հզորացմանը՝ ինչ դժվարության էլ որ հանդիպեն»։

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ «այս ուխտագնացությունը ցույց է տալիս, որ երբ մարդիկ և կազմակերպությունները միավորվում են ընդհանուր արժեքների շուրջ, աղոթքը կարող է վերածվել գործողության, իսկ հիշողությունը՝ ապագա կերտելու ուժի»։

Ուխտագնացության համակազմակերպիչները կարևորել են նաև համայնքին աջակցելու նպատակը։ Այս տարի ուխտագնացության համայնքային նպատակն է Տաթևի երեխաների համար «Կենդանի փեթակ» կրթական խաղահրապարակի ստեղծումը։

Այս տարվա ուխտագնացությունը նաև Արցախի հոգևոր ժառանգության մասին բարձրաձայնելու առիթ էր։ Մասնակիցները կրում էին Արցախի սրբավայրերի պատկերներով շապիկներ՝ ընդգծելով դրանց պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը։ «Տաթևի այս ուխտագնացությունը մեզ համար նաև աղոթք էր Արցախի սրբավայրերի համար և կոչ՝ չմոռանալ ու պաշտպանել մեր հոգևոր ժառանգությունը», – ասել է ուխտագնացությանը մասնակցած արցախցի Արմեն Մաղաքելյանը։

Ուխտագնացության համակազմակերպիչները նշել են, որ այս նախաձեռնությունը ոչ միայն հոգևոր, այլև համազգային նշանակություն ունի՝ ցույց տալով, թե ինչպես կարող է միասնությունը և համագործակցությունը հանգեցնել կոնկրետ, դրական փոփոխությունների։