Հունիսի 7-ին, Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունների ընթացքում մեր կողմից արձանագրվել են մի քանի դեպք, որոնք վերաբերում են ընտրատեղամասերում քվեաթերթիկներ մտցնելու և դուրս բերելու խախտումներին։
Այս դեպքերը մշտական վերահսկողության տակ են՝ մեր վստահված անձանց և իրավաբանական խմբերի կողմից։ Յուրաքանչյուր ստացված տեղեկատվություն ստուգվում է, փաստաթղթավորվում և անհապաղ փոխանցվում է իրավասու մարմիններին՝ սահմանված կարգով։
Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց և դիտորդներին շարունակել ահազանգել նման խախտումների մասին։ Սա անհրաժեշտ է ընտրական գործընթացի օրինականությունն ու թափանցիկությունը ապահովելու համար։
Ընտրական գործընթացին ցանկացած անօրինական միջամտություն, այդ թվում՝ քվեաթերթիկների ապօրինի շրջանառությունը, կարող է պարունակել իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ և ենթակա է պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին ազատ և անարգել իրացնել իրենց ընտրական իրավունքը, իսկ բոլոր մեղավոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ Հանրապետության ողջ տարածքում բացվել է 2500 ընտրական տեղամաս, որոնց մեծ մասը հագեցած է տեսախցիկներով։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ երկու դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրական իրավունք ունի երկրի 2,5 մլն-ից մի փոքր ավելի քաղաքացին։