June 12, 2026 00:19
520FddA5c4c2

Հունիսի 9-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտնել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը ձայների մեծամասնությունը ստացել է Երևանի բոլոր վարչական շրջաններում։

Պատգամավորը նշել է, որ, թեև ընտրություններին մասնակցությունը տոկոսային հարաբերությամբ ավելի քիչ է, քան 2021 թվականին, կուսակցությանը աջակցել է ավելի մեծ թվով ընտրողներ։ Ըստ նրա՝ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է 727 հազար մարդ, իսկ 2021 թվականին կուսակցությունը ստացել էր մոտ 680 հազար ձայն։

Ալեքսանյանը հատուկ ուշադրություն է դարձրել Գյումրիի արդյունքներին, որտեղ, նրա խոսքով, ընդդիմությունը հույս ուներ հաղթանակի։ Սակայն «Քաղաքացիական պայմանագիրն» այնտեղ ստացել է 27 հազար ընտրողի աջակցությունը, ինչը կազմում է ձայների ավելի քան 50 տոկոսը։

Մեկնաբանելով ընդդիմության մեղադրանքները՝ կապված ձայների հաշվարկի խախտումների հետ, Ալեքսանյանը նշել է, որ գործող ընտրական համակարգը հիմնված է մեխանիկական գործողությունների վրա, ուստի սխալների հավանականությունը բացառել չի կարելի։ Նա նաև հավելացրել է, որ ընդդիմության ներկայացուցիչները խոսում են միայն այն տեղամասերի մասին, որտեղ, իրենց կարծիքով, իրենց ձայները չեն հաշվել, բայց պահանջներ չեն ներկայացնում այն դեպքերի համար, երբ իրենց օգտին քվեների թիվը գերազանցում է փաստացի թիվը։

Պատասխանելով կառավարությունում հնարավոր կադրային փոփոխությունների մասին հարցին՝ խորհրդարանականը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներսում նման քննարկումներ չեն եղել։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններին մասնակցել է 58,97 տոկոս ընտրող։ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը։