February 23, 2026 08:23
XQC6TdZg

Երևանում կկարողանան իրականացնել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների վիրահատական բուժումը։ Այս մասին փետրվարի 16-ին Երևանի քաղաքապետարանի աշխատանքային նիստի ժամանակ հայտնել է Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

Հնարավորությունն առաջացել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցների պատվիրակության հետ Շանհայ կատարած այցի արդյունքում։ Այստեղ հայկական բժշկական կենտրոնի և Շանհայի մանկական հիվանդանոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Համաձայն պայմանավորվածության՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կկարողանան իրականացնել մանկական ուղեղային կաթվածի վիրահատական և վերականգնողական բուժում։ Կարապետյանը նշել է, որ Շանհայ կատարած այցի շրջանակներում հայ բժիշկները նախապես արդեն համատեղ վիրահատություններ են իրականացրել Շանհայի մասնագետների հետ։ Այս տարվա ապրիլին նման վիրահատությունները կկատարվեն արդեն Հայաստանում։ Վարչության պետի խոսքով՝ շուտով չինական կողմը Հայաստան կուղարկի հատուկ սարքավորումներ։

Բացի այդ, նախատեսվում է հուշագրի ստորագրում Շանհայի ևս մեկ բժշկական կենտրոնի հետ։ Այս համագործակցության շրջանակներում նախատեսվում է կադրերի փոխանակում, համատեղ վիրահատությունների անցկացում և այլ համատեղ ծրագրեր։