February 23, 2026 08:23
5HTYbnv

Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այց, որի ընթացքում քննարկվեցին ԵՄ-Հայաստանի գործընկերության նոր ռազմավարական օրակարգի իրականացման հարցերը։ Այս քայլը նախապատրաստական է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մարտի 19-20-ի Երևան այցին և ԵՄ-Հայաստանի առաջին գագաթնաժողովին։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին երկկողմ համագործակցության ամուր և փոխադարձ հանձնառությունը՝ առաջ մղելով հիմնական ռազմավարական առաջնահերթությունները։ Քննարկումների կենտրոնում էին տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի ոլորտներում տարածաշրջանային կապակցվածության հարցերը։

Հատկանշական է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն ու դրա արդյունավետ իրականացմանը՝ համադրելով այն «Միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի» հետ։ Այս համատեղ ջանքերի շրջանակում սահմանվեցին ԵՄ օժանդակության հնարավոր տարբերակները՝ նպատակ ունենալով ամրապնդել տնտեսական կայունությունը և ստեղծել նոր հնարավորություններ առևտրի և շարժունակության ոլորտներում։

Կառավարության հետ հաստատվեց Հայաստանի համար ԵՄ «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակներում նախատեսված բարեփոխումների և ներդրումների փաթեթի վերջնական նախագիծը։ Այն ներառում է 202.5 մլն եվրո արժողությամբ երկրորդ տրանշ, որի մասին նախկինում հայտարարել էր ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը՝ 2025 թվականի սեպտեմբերին իր այցի ընթացքում։

ԵՄ-ն նաև վերահաստատեց իր հաստատակամ հանձնառությունը աջակցելու ժողովրդավարական դիմակայունությանը՝ կարևորելով առաջիկա ընտրական գործընթացների անխաթարության պաշտպանությունը։