February 23, 2026 09:35
vDadcF

Մեծ Բրիտանիայի զարգացման հարցերով պետական նախարար բարոնուհի Ջենի Չեփմանը հայտարարել է, որ բրիտանական կառավարությունը հետևում է Հայաստանում կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առկա իրավիճակին։

Այս հայտարարությունը հնչել է ի պատասխան այն հարցի, թե արդյոք բրիտանական կողմը քննարկել է Հայաստանի պաշտոնյաների հետ երկրում հոգևորականների կալանավորման հարցը և դրա համապատասխանությունը կրոնական ազատության ապահովմանը։

Ջենի Չեփմանը նշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատակամորեն հանձնառու է ողջ աշխարհում կրոնի և համոզմունքների ազատության իրավունքի խթանմանն ու պաշտպանությանը։ Նա հավաստիացրել է, որ բրիտանացի նախարարներն ու պաշտոնատար անձինք հայ գործընկերների հետ պարբերաբար քննարկում են մի շարք հարցեր։

Բարոնուհին նաև հստակեցրել է, որ ակնկալում է, որ Հայաստանում իրականացվող բոլոր գործողությունները կհամապատասխանեն երկրի սահմանադրաիրավական դաշտին, կպահպանվեն պատշաճ իրավական ընթացակարգերը, կապահովվի բոլոր անձանց նկատմամբ արդար վերաբերմունք օրենքին համապատասխան, ինչպես նաև դատական գործընթացների թափանցիկությունն ու անկողմնակալությունը։

Հայաստանում այս տարվա մայիսից իշխանությունները հակաեկեղեցական ակտիվ քաղաքականություն են իրականացնում՝ ձգտելով հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանը։ Այս արշավի շրջանակում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականները, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները։ Այսօրվա դրությամբ արդեն 4 բարձրաստիճան հոգևորական կալանավորված է մտացածին մեղադրանքներով՝ հակաեկեղեցական արշավի շրջանակում։