February 23, 2026 11:13
1NAb16F

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի նախաշեմին երկրի տասնյակից ավելի իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԱՄՆ փոխնախագահին՝ խնդրելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը։

Այս մարդասիրական խնդիրը հայկական հասարակության համար առաջնային է, և ազատազրկված բոլոր հայերի վերադարձը ոչ միայն խաղաղության գործընթացի, այլև երկու երկրների միջև վստահության կառուցման հիմնարար պայման է։

Վերջերս ազատազրկված հայերից չորսի հայրենադարձումը հստակ ցույց է տվել այս խնդրի կարևորությունը։ Նման դեպքերում ԱՄՆ վարչակազմի աջակցությունը կարող է դառնալ այս մարդկանց ազատ արձակման հիմնական գործոնը, հատկապես հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի՝ խաղաղության համաձայնագրի կնքման գործում ունեցած եզակի դերը։

Մեզ մտահոգում են Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրության բացակայության մասին։ Շարունակվում են հայերի նկատմամբ կեղծ դատական գործընթացներ, որոնց արդյունքում կայացվում են ցմահ կամ երկարաժամետ ազատազրկման դատավճիռներ, ինչը հակասում է խաղաղության օրակարգին։

Այս հարցը բարձրացվել էր նաև 2025թ. օգոստոսին ԱՄՆ նախագահի առաջնորդությամբ կայացած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում։ Մենք համոզված ենք, որ ԱՄՆ վարչակազմը կարող է իրավամբ մեծ դեր խաղալ այս մարդասիրական խնդրի լուծման գործում։

Այս պատճառով մենք կոչ ենք անում ԱՄՆ վարչակազմին քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայերը հնարավորինս շուտ կարողանան վերադառնալ իրենց ընտանիքներին։ Սա կօգնի վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքին և կառուցել երկու երկրների միջև անհրաժեշտ վստահությունը։

Նամակը ստորագրել են․ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ, «Դիգնիթի» մարդասիրական ՀԿ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, «Լրագրողներ hանուն մարդու իրավունքների» ՀԿ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ, «Սոցիալական արդարություն» ՀԿ, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ, «ԱՐԲԱՆԷ» հիմնադրամ։