February 23, 2026 08:21
zQ1g6gFgDnY

Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն։ Ըստ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) տարածած հայտարարության՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Հայաստանի քրեական իրավական համակարգը նախաձեռնել է քրեական վարույթ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ՝ խափանման միջոց որպես երկրից բացակայելու արգելք։

ՀԱԿ-ն այս գործողությունը որակում է որպես «բացահայտ ծաղր արդարադատության, օրինականության եւ բանականության նկատմամբ»։ Ըստ կոնգրեսի՝ դատական համակարգը, անթաքույց ոտնակոխ անելով Սահմանադրությունը եւ օրինականությունը, վարույթ է ընդունել եւ հայցի ապահովման միջոց է ընտրել մի հայցադիմումի վերաբերյալ, որի առարկան գտնվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ իրավասության ներքո։

Հայտարարությունում նշվում է, որ Սահմանադրությունը աներկբա արգելում է պետությանը միջամտելու կրոնական կազմակերպության ինքնակառավարմանը։ Այս անհեթեթությունը կատարելության հասցնելու մոլուցքով, Քննչական կոմիտեն նույնիսկ քրեական վարույթ է նախաձեռնել այդ ապօրինի որոշումը չհարգելու առիթով։

ՀԱԿ-ն իր հայտարարության մեջ մեջբերում է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի հոդվածները, որոնք, ըստ կոնգրեսի, հստակ սահմանում են պետության եւ եկեղեցու միջեւ հարաբերությունները։ Օրինքի հոդված 17-ի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից, եւ պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների գործունեությանը։

ՀԱԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ դատապարտում վերջինիս նկատմամբ սանձազերծված ապօրինություններն ու Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև մյուս բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները։ Կոնգրեսը դիմում է միջազգային կառույցներին՝ գնահատական տալու Մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտումների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ՝ նրա մեկնումը երկրից արգելելու հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Քրեական գործով դատախազ է նշանակվել Խաչատուր Գալստյանը, իսկ քննությունը վարելու է քննիչ Արա Ավագյանը։