February 23, 2026 09:57
HDDsYNG3xsv

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է ընդունել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին փաստաբան Իրինա Դանիելյանի ներկայացրած գանգատը։

Դիմումը քննության է ընդունվել «well–established case-law» (հաստատված նախադեպային իրավունք) ընթացակարգով։ Այս ընթացակարգը նշանակում է, որ դիմումում բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնց առնչությամբ Եվրոպական դատարանն արդեն ձևավորել է կայուն և հաստատված նախադեպային իրավունքի շրջանակ։

Փաստաբանների գանգատը վերաբերում է մի քանի հիմնական հարցի՝ կալանքի իրավաչափությանը, դրա տևողության հիմնավորվածությանը, դատարանների որոշումների պատճառաբանվածությանը, ինչպես նաև իրավական որոշակիության և կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը։

Պաշտպանական թիմը նշում է, որ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է գտնվում արդեն շուրջ երեք տարի։ Նրան մեղադրում են ռազմամթերքի, այդ թվում՝ հրթիռների մատակարարման գործընթացում չարաշահումներին առնչվող քրեական գործով։ Այս գործով մեղադրվում են նաև Հայաստանին սպառազինություն մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը։

Փաստաբանները նաև հիշեցնում են, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք է ընդունել Դավիթ Տոնոյանի գործով, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ դատարանը որոշում չի կայացրել այդ բողոքի վերաբերյալ։ Նրանք ընդգծում են, որ դատական գործընթացը Հայաստանում շարունակվում է։

Այս փուլում ՄԻԵԴ-ի քննությունը վերաբերում է բացառապես Մարդու իրավունքների մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին և չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաև չի կանխորոշում դատավարության վերջնական արդյունքը։