February 23, 2026 09:46
fm5H3hAFNQ

Վիլնյուսում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։

Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի գլխավորությամբ։

Զրուցակիցները, ընդգծելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերը կարևորել են տնտեսական, պաշտպանության, կիբերանվտանգության, գիտակրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցության խորացումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերությանը։ Քննարկվել են այս ուղղությամբ երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները և Լիտվայի կողմից Հայաստանին հնարավոր աջակցության հարցերը։ Կողմերը նաև շեշտել են Հայաստան-Նորդիկ-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում համագործակցության շարունակականության և հետագա խորացման կարևորությունը։

Քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) վերաբերող հարցեր։

Վահան Կոստանյանը Օդրա Պլեպիտեին ներկայացրել է Հարավային Կովկասում Վաշինգտոնյան համաձայնությունների կատարման գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված վերջին զարգացումները։