Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հետևում է Եվրամիության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապված իրավիճակին և հույս ունի, որ Հայաստանը կկատարի «պատմականորեն ճիշտ ընտրություն»։
«Վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի։ Մենք հույս ունենք, որ այդ ընտրությունը կլինի հօգուտ Ռուսաստանի հետ խորը և եղբայրական հարաբերությունների», – ասել է նա՝ նշելով, որ Հայաստանի ժողովուրդը միշտ շահել է նման համագործակցություններից և կշարունակի օգուտ քաղել դրանցից ապագայում։
Այս թեմայով իր մեկնաբանությունը հայտնել է նաև ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է իր քաղաքացիներին հնարավորություն տա ընտրություն կատարելու հօգուտ իրենց երկրի ազգային շահերի։
«Հայաստանի քաղաքացիները այժմ ունեն բոլոր հնարավորությունները ընտրություն կատարելու հօգուտ իրենց երկրի», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը երբեք չի գործել հայ ժողովրդի դեմ, այլ միշտ աջակցել, օգնել և, երբեմն, փրկել է նրան։
Դիվանագետը անդրադարձել է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների հարցին՝ նշելով, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ իրեն պահում է ոչ թե իրավահավասար գործընկեր, այլ այնպիսի կողմ, որը միայն դատարկ խոստումներ է տալիս՝ դրանք չհաստատելով իրական պայմանագրերով։
«Եկեք հարց տանք․ իրավահավասար գործընկերոջ հետ այդպե՞ս են վարվում։ Իհարկե՝ ոչ։ Երբ խոսքը վերաբերում է հավասարությանը, գործը չի սահմանափակվում հռչակագրերով, հայտարարություններով, խոստումներով, երդումներով։ Խոսքը գնում է իսկապես հարաբերությունները միջազգային պայմանագրերում ձևակերպելու մասին», – ասել է նա՝ նշելով, որ Վաշինգտոնն արդեն ստորագրել է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրեր Երևանի հետ, սակայն այդ խոստումները դեռ չեն կատարվել։
Այս հայտարարությունները հնչել են այն պահին, երբ մայիսի 26-ին Երևանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել են ՀՀ և ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն, ինչպես նաև մի շարք այլ շրջանակային համաձայնագրեր՝ հանքանյութերի արդյունահանման և «Թրամփի ուղի» նախագծի ոլորտներում։